Սեռական էներգիան որպես այդպիսին գոյություն չունի: Էներգիան միասնական է, այն մեկն է: Սեքսը էներգիայի միայն մեկ ելք է, նրա ուղղություններից, հնարավոր կիրառումներից մեկը: Կենսական էներգիան միասնական է, սակայն այն կարող է դրսևորվել բազմաթիվ ուղղություններով: Սեքսը դրանցից մեկն է: Երբ կենսական էներգիան դառնում է կենսաբանական, այն դրսևորվում է որպես սեռական էներգիա: Սեքսն ընդամենը կենսական էներգիայի կիրառման ոլորտ է: Եթե կենսական էներգիան այլ ուղղությամբ է հոսում, ապա չկա սեքսը: Սակայն դա սուբլիմացիա չի կարելի համարել, դա վերափոխում է: Սեքսը կենսական էներգիայի բնական ընթացք է և դրա ամենացածր կիրառումը: Սեքսը բնական է, քանի որ կյանքն առանց դրա հնարավոր չէ, ամենացածրն է, քանի որ այն հիմքն է, և ոչ թե գագաթնակետը: Երբ սեքսը փոխարինում է ամեն ինչին, կյանքն անիմաստ է դառնում: Պատկերացրեք, որ Դուք անընդհատ հիմք եք գցում, սակայն չի կառուցվում շինությունը, որի համար այն նախատեսված է:

Սեքսը կենսական էներգիայի ավելի բարձր վերափոխման հնարավորությունն է: Քանի դեռ դա այդպես է, խնդիրներ չեն առաջանում, սակայն եթե սեքսը սկսում է մթագնել ամեն ինչ, դառնալ կենսական էներգիայի միակ ելքը, այն սկսում է ավերել/քանդել: Այն կարող է միայն դառնալ գործիք, միջոց, ոչ թե ինքնանպատակ, ավարտ, գործիքը կարևոր է միայն այն դեպքում, երբ հիշում են վերջնական նպատակի մասին: Եթե գործիքը սխալ է կիրառվում, եթե գործիքը չարաշահվում է, ապա ամբողջ իմաստը կորում է:

Երբ սեքսը դառնում է կյանքի նպատակ, ինչպես դա տեղի է ունենում մեր օրերում, ձեռքբերման միջոցը փոխարինում է նպատակին: Սեքսն ապահովում է գոյության, կյանքի շարունակման կենսաբանական հիմքը: Այն միջոց է, չպետք է այն բուն նպատակի վերածել: Հենց որ սեքսը դառնում է ձեռքբերման սահման, անմիջապես կորում է հոգևորականության տարածությունը: Սակայն եթե սեքսը մեդիտատիվ է դառնում, այն ուղղվում է դեպի հոգևորը` վերածվելով նպատակին հասնելու ճանապարհին մի աստիճանի, որոշակի ցատկահարթակի:

Էներգիան միշտ չեզոք է: Էներգիան ինքնին անանուն է` անունը նրան տալիս է այն դուռը, որով այն դուրս է հոսում: Անվանումը որպես այդպիսին էներգիայի անվանում չէ, դա այն ձևի անվանումն է, որն ընդունում է էներգիան: ‘”Սեռական էներգիա’’ արտահայտության տակ ենթադրվում է այն էներգիան, որը հոսում է սեռական կենսաբանական կենտրոնից:

Նույն էներգիան կոչվում է հոգևոր, երբ այն դեպի Աստվածայինն է հոսում: Իսկ էներգիան ինքնին չեզոք է:

Բնության միջոցով արտահայտվելով` այն անվանվում է սեքս:

Արտահայտվելով հույզերի օգնությամբ` այն բնութագրվում է որպես սեր, ատելություն կամ ցասում:

Մտավոր կերպով արտահայտված լինելով` այն կարող է գիտություն կամ գրականություն դառնալ:

Հոսելով մարմնի միջով` այն ֆիզիկական է դառնում: Հոսելով մտքով` էներգիան մտավոր է դառնում:

Երբ ասում ենք տարբերություն, նկատի ունենք ոչ թե էներգիաների տարբերությունը, այլ դրանց տարբեր դրսևորումները:

Շատերը սիրով են զբաղվում, սակայն նվազագույն պատկերացում անգամ չունեն այն մասին, թե ինչ է օրգազմը, քանի որ նրանք արդեն ամեն ինչ վատնել են: Սիրով զբաղվելիս մարդիկ դատարկ են, նրանցում էներգիա չկա, որը կարելի է կիսել զուգընկերոջ հետ: Էներգիան չի լցնում նրանց: Նրանց առավելագույնը սպասվում է  սեռական օրգազմ: Փոքր, չնչին օրգազմ, որն իր մեջ ոչ մի կաթիլ հոգևոր արժեք չի պարունակում: Նման օրգազմը փռշտոց է հիշեցնում: Անկասկած` փռշտալով դուք թեթևություն եք զգում, մեջքը քորելով, թեթևանում եք, թուլանում:

Օրգազմը թեթևացում չէ, օրգազմը տոնակատարություն է, այն ձեր հանդիպումն է Ամենի հետ զուգընկերոջ օգնությամբ: Օրգազմը միշտ աստվածային է` մեկ ուրիշը դառնում է դուռ, մուտք դեպի Աստվածայինը Ձեր ներթափանցման համար:

Օրգազմը միշտ հոգևոր է և երբեք սեռական չէ: Օրգազմը սեքսի կատեգորիային դասողները ոչինչ չեն հասկանում: Նրանց ոչինչ հայտնի չէ սեքսի, օրգազմային ապրումների մասին:

Օրգազմը միշտ սամադխի է, էքստազ: Սակայն մարդիկ չեն կասկածում այդ մասին, քանի որ հանդիպում են պահանջմունքների և ոչ թե էներգիայով լի լինելու պատճառով:

Սեքսը միշտ հսկայական նշանակություն է ունեցել բոլոր կրոնականների համար, որոնք որոնել են իրենց անգիտակցվածության, կենդանական ակունքների արդյունքները: Այն այն բանի ըմբռնման չափանիշ է դարձել, թե արդյոք կոնկրետ մարդու մեջ գտնվող կենսական էներգիան  հասել է Աստվածայինի, թե` ոչ:

Դժվար է ճշգրտորեն ասել՝ ինչ-որ մեկը հանդիպե՞լ է Աստվածայինի, թե՞ այդ հանդիպումը տեղի չի ունեցել։ Ինչպե՞ս իմանանք, որ մարդն ադամանդներ է գտել։ Սակայն մենք անմիջապես կհասկանանք, եթե ինչ-որ մեկը քարեր է դուրս շպրտել, քանի որ մեզ հայտնի է, թե ինչ է քարը: Մենք անմիջապես կզգանք, որ մարդն անցել է սեքսի սահմանը, քանի որ ծանոթ ենք սեքսին: Սեքսն այնքան կպչուն է, այնքան չգիտակցված, ունի այնքան մեծ ուժ, որ նրա սահմանն անցնել հնարավոր չէ Աստվածայինին հասնելուց առաջ: Այդ պատճառով էլ բրահմաչարյան՝ կուսակրոնությունը, Աստվածայինի հետ միաձուլման իրական չափանիշ է դարձել:

Աստվածայինին հասնելու համար սեքսը դադարում է գոյություն ունենալ այն տեսքով, ինչպիսին այն գոյություն ունի սովորական մարդու համար:

Սակայն սխալ է պնդել, որ մի կողմ թողնելով սեքսը` մարդը Աստվածայինի կհասնի: Նման հայտարարությունը սխալ է: Ադամանդ գտած մարդը, կթափի քարերը, որոնք նա կրում էր, սակայն հակառակ պնդումը ճշմարիտ չէ: Կարելի է քարերը թափել, սակայն այդ գործողությունը չի նշանակի, որ Դուք ադամանդներ եք գտել:

Դուք բավական բարդ իրավիճակի մեջ եք հայտնվում: Միտքը ճնշված է, սակայն սահմանն անցած չէ: Սեքսը կշարունակի եռալ Ձեր մեջ` ստեղծելով ներքին դժոխք: Դա սեքսի սահմաններից ելք չէ: Ճնշված սեքսը տգեղ է, հիվանդագին և նևրոտիկ: Ճնշված սեքսը այլասերում է: Սեքսի հանդեպ այսպես կոչված կրոնական վերաբերմունքը հանգեցրել է այլասերված սեռականության առաջացմանը, բացարձակապես նևրոտիկ սեռական մշակույթի առաջացմանը: Ես նման մոտեցման կողմնակից չեմ:

Սեքսը կենսաբանական փաստ է, նրանում ոչ մի սխալ, վատ բան չկա: Չպետք է պայքարել սեքսի դեմ, այլապես այն այլասերվածության է վերածվում, իսկ այլասերված սեքսը դժվար թե դեպի առաջ ընթացող քայլ դառնա: Դա նորմալ մակարդակից ավելի ցած անկում է, դա քայլ է դեպի անմտությունը: Երբ ճնշումն այնքան ինտենսիվ է, որ զսպելն անհնարին է, պայթյուն տեղի կունենա և այդ պայթյունի մեջ Դուք կկորչեք:

Դուք ունեք մարդկային բոլոր հատկանիշները, բոլոր հնարավորությունները: Նորմալ մարդու համար սեքսն, ըստ էության, առողջ է, սակայն դրա ոչ նորմալ ճնշման դեպքում այն հիվանդություն է դառնում: Շատ հեշտ է դեպի Աստվածայինը շարժվել մտքի նորմալ վիճակից, իսկ մտքի նևրոտիկ վիճակից դեպի Աստվածայինը շարժումը որոշակի իմաստով նույնիսկ անհնարին է: Սկզբում անհրաժեշտ է առողջ, նորմալ դառնալ: Միայն այդ դեպքում կառաջանա սեքսի սահմանն անցնելու հնարավորություն:

Իսկ ի՞նչ անել: Ճանաչել սեքսը: Նրա կողմը գիտակցված շարժվել: Դրանում է կայանում նոր դուռ բացելու գաղտնիքը: Եթե սեքսի մեջ մտնելը չգիտակցված է, ապա Դուք միայն գործիք եք կենսաբանական էվոլյուցիայի ձեռքերում, իսկ եթե դուք գիտակցող եք մնում սեռական ակտի ընթացքում, ինքնին գիտակցվածությունը խորը մեդիտացիայի է վերածվում:

Սեռական ակտն այնքան չգիտակցված է, այնքան մոլագարորեն կպչուն, որ դժվար է նրանում գիտակցվածություն պահպանելը: Սակայն դա հնարավոր է: Եթե Դուք կարողանաք գիտակցված մնալ սեռական ակտի ժամանակ, դա կնշանակի, որ գիտակցվածությունը չեք կորցնի ոչ մի բանում, քանի որ իր խորությամբ սեռական ակտը գերազանցում է կյանքի ցանկացած այլ գործողության։

Եթե Դուք կարողանաք գիտակցված մնալ սեքսի ընթացքում, ապա նույնիսկ մահվան պահին կպահպանեք զգոնությունը: Սեռական ակտի և մահվան խորությունը նույնն է, դրանք զուգահեռ բնույթի երևույթներ են: Դուք նույն կետին եք հանգում:

Այսպիսով, սեռական ակտի ժամանակ գիտակցվածությունը մեծ ձեռքբերում է: Այն անգին է:

Կիրառե՛ք սեքսը որպես մեդիտացիա: Նրան պատերազմ մի՛ հայտարարեք, նրան դեմ մի՛ գնացեք: Հնարավոր չէ պայքարել բնության դեմ, Դուք նրա մի մասնիկն եք: Անհրաժեշտ է բարեկամական, սիրալիր վերաբերմունք սեքսի նկատմամբ: Այդպիսին է Ձեր և բնության միջև խորը երկխոսությունը: Իրականում սեռական ակտը չի կարելի անվանել տղամարդու և կնոջ միջև երկխոսություն: Դա կնոջ միջոցով տղամարդու երկխոսությունն է բնության հետ և տղամարդու միջոցով կնոջ երկխոսությունը բնության հետ: Այն բնության հետ երկխոսություն է:

Մի ակնթարով Դուք մտնում եք տիեզերական հոսքի մեջ, Դուք աստվածային ներդաշնակության մեջ եք, Դուք միասնական եք ամբողջականի հետ: Այսպիսով տղամարդն իրացվում է կնոջ միջոցով, իսկ կինը` տղամարդու: Տղամարդն ու կինն ամբողջական չեն: Նրանք մի ընդհանուրի երկու հատվածներ են: Հենց որ նրանք միավորվում, միաձուլվում են սեռական ակտում, առաջանում է ներդաշնակությունը Դաոյի (բնականության) հետ։ Նման ներդաշնակությունը կարող է կենսաբանական ծնունդ տալ նորին:  Եթե Դուք գիտակցված չեք, ապա ակտը կարող դառնալ Ձեր ծնունդը` հոգևոր ծնունդը: Այսպիսով, Դուք կդառնաք երկու անգամ ծնված:

Եթե Դուք զգոն եք և գիտակցված օրգազմի պահին, ապա այն կարող եք մինչև անվերջություն ձգել: Օրգազմի տևողությունը երկարում է: Դուք աստիճանաբար սովորում եք օրգազմի վիճակում գտնվել օրվա 24 ժամվա ընթացքում: Բուդդան օր օրի օրգազմի վիճակում ապրում էր բոլոր քսանչորս ժամերը: Բուդդայի Գաուտմայի լուսավորման օրը և նրա մահվան օրը բաժանում են 42 տարի: Այս բոլոր 42 տարիների ընթացքում նա բացարձակ օրգազմի վիճակում էր գտնվում:

Միայն պատկերացրե’ք: Ձեզ մատչելի մի քանի ակնթարթները ոչինչ են Բուդդայի օրգազմի հետ համեմատած:

Ցանկացած էներգիան պետք է իմաստուն կերպով կիրառել: Ոչնչից չպետք է հրաժարվել կամ դուրս թողնել ծրագրերից: Դա ամենակարևորն է, ինչը ես սովորեցնում եմ, ոչինչ չպետք է մի կողմ նետել: Դուք պետք է մտնեք Ձեր ամբողջական գոյության հոգեկանության մեջ: Մենք կփոխենք Ձեր էներգիաները, կփոխենք դրանց կարգը: Մենք նոր պատկեր կստեղծենք, նոր ներդաշնակություն, երբ առաջանում է նոր, այլ մեղեդի, սակայն ոչինչ մի կողմ չի նետվում:

Այս պահին Դուք հանելուկի, խճանկարի եք նման․ առանց ինչ-որ տրամաբանական հաջորդականության, առանց ներքին կապի առանձին հատվածներ եք:  Ձեր յուրաքանչյուր հատված պատերազմում է մյուսի հետ: Դուք ամբոխ եք հիշեցնում, նոտաների բազմություն, սակայն չկա մեղեդին: Նոտաներից կարող է երաժշտություն առաջանալ: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Դուք կտանջվեք:

Հենց սեռական ակտի ժամանակ մեդիտացիա է տեղի ունենում, նույն պահին նոր դուռ է բացվում: Դուք այլ` չտեսնված ու չլսված չափման մեջ եք հայտնվում, Դուք մեծագույն երանության մեջ եք հայտնվում: Դուք ինչ-որ այնքան երանելի բանի կհանդիպեք, որ սեքսը կկորցնի իր ողջ նշանակությունը, ինքնին կհեռանա: Այսուհետ Ձեր էներգիան այլևս այդ ուղղությամբ չի ընթանա: Էներգիան միշտ հոսում է դեպի երանությունը: Այն ձգտում է սեքսի, քանի որ երանությունն առաջանում է սեռական շփման պահին, սակայն եթե Դուք մեծ` սեքսի սահմանն անցնող, այն գերազանցող, ավելի հագեցած երանություն եք փնտրում, ապա էներգիան ինքնին կդադարի ընթանալ դեպի սեքսը:

Երբ սեքսը մեդիտացիա է դառնում, այն սկսում է հոսել դեպի սերը, և այդ ծաղկումը շարժվում է դեպի Աստվածայինը: Ահա թե ինչու է սերն աստվածային: Սեքսը ֆիզիկական է, սերը` հոգևոր:  Եթե ծաղկել է սիրո ծաղիկը, ապա աղոթքն է առաջանում: Այժմ Աստվածայինն արդեն բոլորովին մոտ է: Դուք մոտեցել եք տանը:

Նյութը թարգմանեց  Ֆեդերացիայի նախագահ  Հակոբ Բաղդասարյանը

Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։

© 2021 Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա – Բոլոր իրավունքները պահպանված են