ՄԵԴԻՏԱՑԻՈՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ

     Դուք պետք է համառ լինեք և դրսևորեք կամքի ուժ, որպեսզի կարողանաք ձեռք բերել նոր սովորություն: Առավել հեշտ կլինի, եթե Ձեր ուղեղին սովորեցնեք  մեդիտացիա կատարել որոշակի ժամանակահատվածում և որոշակի տեղում: Հավանաբար Ձեզ մոտ ցանկություն կառաջանա բաց թողնել պարապմունքը  և զբաղվել որևէ այլ բանով, սակայն, ժամանակի ընթացքում, մեդիտացիան չկատարելու դեպքում` կզգաք դրա կարիքը: Անշուշտ, Ձեզ սպասում են նաև այնպիսի օրեր, երբ ստիպված կլինեք մոռանալ օրվա սովորական կարգի  մասին,  բայց դա կլինի Ձեր գիտակցված ընտրությունը, այլ ոչ թե սովորական մոռացկոտություն կամ ծուլություն:
   Մեդիտացիայի համար նախատեսված անկյունում պետք է լինեն մի քանի առարկաներ, որոնց վրա կարելի է կենտրոնացնել հայացքը: Ցանկացած առարկա կարող է ստեղծել տրամադրություն, որի կարիքը ինքներդ ունեք:  
   Մեդիտացիայի ժամանակ հաճախ նստում են կիսալուսնի ձև ունեցող բարձի վրա: Ցանկալի է, որ մեդիտացիան դառնա առօրյա գործողություններից մեկը: Օրինակ` կարելի է զբաղվել մեդիտացիայով լոգանք ընդունելուց  կամ ատամները մաքրելուց հետո,  կամ` ճաշից,  ընթրիքից առաջ: Քանի որ նշված գործողությունները Ձեր առօրյա կյանքի մասն են կազմում, ուստի Դուք կսկսեք զբաղվել մեդիտացիայով ամեն օր: Նպատակահարմար է մեդիտացիայով զբաղվել առավոտյան ժամերին` արթնանալուց անմիջապես հետո կամ ճաշելուց առաջ (ճաշելուց հետո մարդիկ սովորաբար քնել են ցանկանում): Կարելի է  մեդիտացիայով զբաղվել նաև երեկոյան` կարճ զբոսանքից կամ հանգիստ երաժշտություն լսելուց հետո: Կարելի է քնելուց առաջ կարդալ անկողնում, ապա` զբաղվել մեդիտացիայով: Ընտրեք այնպիսի ժամանակահատված, երբ Դուք մենակ եք և Ձեզ ոչ-ոք չի կարող խանգարել: Որքան ավելի հագեցված է օրը, այդքան ավելի է Ձեզ անհրաժեշտ մեդիտացիան. այն վերականգնում է Ձեր ուժերը և օգնում է հաղթահարել սթրեսը: Ընտանեկան զույգերը հաճախ  զբաղվում են  մեդիտացիայով միասին` երկուսի համար հարմար ժամերին, կամ էլ ընտանիքի այլ անդամներից ավելի շուտ արթնանալիս: Ինչպիսի ժամանակ էլ ընտրեք, կարևոր է, որ մեդիտացիան կատարեք ամեն օր նույն ժամանակահատվածում, որպեսզի այն սովորություն դառնա:

Ստեղծում ենք անկյուն մեդիտացիայի համար.

 

Եթե մեդիտացիան կատարեք մշտապես նույն վայրում, ապա դա կօգնի Ձեզ` մեդիտացիան դարձնել սովորություն՝ ինչպես Պավլովի պայմանական ռեֆլեքսի օրենքն է պնդում:  Ընտրեք հանգիստ և ազատ վայր, որպեսզի Ձեր ուղեղը լինի հանգիստ և կենտրոնացած:  Դուք պետք է նստեք տաք տեղում, քանի որ հենց որ թուլանում եք և ուղղում հայացքը դեպի ներս,   մարմնի ջերմությունը նվազում է: Մեդիտացիայի համար նախատեսված անկյունում, որը գտնվում է տան ամենահանգիստ տեղում, պետք է լինի հատուկ բազկաթոռ: Դուք կարող եք նաև նստել բարձերի վրա  կամ փռել գեղեցիկ գորգ: Այստեղ պետք է լինի նաև մոմերով,  ծաղիկներով կամ Ձեզ հանգստացնող և ոգևորող ցանկացած այլ առարկաներով սեղան:
Եթե դուք զբաղվում եք մեդիտացիայով վաղ առավոտյան (ուսերին շալ գցած և վերմակը վերև քաշած), ապա անկողինը կարող է դառնալ մեդիտացիայով զբաղվելու  անկյուն: Լվացվեք, ջուր խմեք և մարմնով ձգվեք` քունը հաղթահարելու նպատակով: Համոզվեք,  որ մեջքը ուղիղ է:

Եթե դուք առավոտյան կանոնավոր կերպով զբաղվում եք մեդիտացիայով անկողնում և հենց անկողնում եք սովոր ուղղել ձեր հայացքը դեպի ներս, ապա երեկոյան` քնելուց առաջ Ձեզ կօգնի հանգստանալ մեդիտացիայի պարզ տեխնիկայով:

Արթնանալուց հետո` մինչև մեդիտացիայի սկիզբը, թուլացեք և ձգվեք մարմնով: Եթե Ձեզ ավելի հարմար է զբաղվել մեդիտացիայով գետնին նստած, ապա Ձեզ պետք կգա ցածրիկ սեղան, որի վրա կարող եք դնել հայացքի կենտրոնացման համար անհրաժեշտ ցանկացած առարկա:

Տեխնիկա մոմի լույսին  նայելով

   Այն առարկաները, որոնք մեդիտացիայի Ձեր անկյունում են, կարող են ստեղծել տրատակ. դա նշանակում է անթարթ հայացք:  Այդ դեպքում Դուք  նստում եք անշարժ, ուղիղ մեջքով և հայացքը կենտրոնացնում եք կոնկրետ առարկայի վրա:

   Հաճախ` որպես հայացքի կենտրոնացման կետ է օգտագործվում  մոմի կրակը: Եթե ընտրել եք մոմը, ապա պետք է բացառվեն միջանցիկ քամիները: Տատանվող կրակը գլխացավ է առաջացնում: (էպիլեպսիայով և գլխացավերից տառապող մարդկանց խորհուրդ չի տրվում նայել մոմի կրակին): Սկզբում նայում եք  հանգիստ,  առանց լարման, ապա փակում եք աչքերր և պահպանում պատկերը աչքերի առաջ: Երբ այն մարի, նորից նայեք մոմին և կրկնեք տեսողականացումը:  Այն պատկերները, որոնք պահպանվում են Ձեր մտային հայացքի կողմից, հետզհետե դառնում են ավելի կայուն, Ձեր կենտրոնացումը խորանում է, ամրապնդվում: Հնարավոր է, որ Ձեզ հաճելի լինի վառել մոմը` մինչև մեդիտացիայի սկիզբը և վերջում հանգցնել այն երախտագիտության  խոսքերով:

   Կրակը աստվածության ներկայության խորհրդանիշն է: Հավանաբար, Ձեզ հաճելի կլինի ավելի հստակ կերպով գիտակցել նրա առկայությունը մեր շուրջը և մեր ներսում: Գոյություն ունեն տրատակի տարբեր ձևեր: Դուք կարող եք ձեռքում ծաղիկ պահել և պտտեցնել այն` դիտելով մանրամասերը: Դուք կարող եք նաև ձեռքում բյուրեղ պահել, զգալ դրա ձևը և մակերեսի զովությունը: Դա նույնպես տրատակի ձև է: Բայց վերջին դեպքոմ աչքերը պետք է փակ լինեն. զգացողությունները փոխարինում են աչքերին: Դուք կարող եք նաև ինքներդ ընտրել Ձեզ ոգեշնչող ցանկացած առարկա:
Անկողնում կատարվող մեդիտացիաներ.

   Մեջքի վրա պառկած ձգումը լավ նախապատրաստություն է մեդիտացիայի համար: 10 րոպե պառկած մնացեք գետնին` ձգելով մեջքը: Ձեր ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի շնչառության վրա,  բայց`  առանց  լարվածության,   քանի դեռ մարմինը թուլանում է: Այդ պարզ վարժությունը անմիջապես կվերականգնի ձեր ուժերը:
  Մարմինը թուլացնելու ժամանակ Դուք չպետք է մրսեք և չպետք է քնեք: Այդ դիրքով ձգումը պատրաստում է այն բանին, որ մեդիտացիայի ժամանակ պահեք մեջքը հնարավորինս ուղիղ: Երբ պառկած եք մեջքի վրա և թուլացնում եք մարմինը, կիրառեք մեդիտացիայի բազմաթիվ տարբերակներ, որպեսզի ուղեղը մնա արթուն և կենտրոնացած:  Օրինակ` կարելի է հաշվել ներշնչումներն ու արտաշնչումները` մինչև տասը և հակառակ ուղղությամբ` պատկերացնելով, թե ինչպես է էներգիան հոսում ողնաշարով: Կարելի է կրկնել որևէ մանտրա կամ պատկերացնել հանգիստ գյուղական կամ ծովային բնապատկերներ: Մարմինը թուլացնելուց հետո մի քանի անգամ խորը ներշնչում կատարեք, շարժեք ձեռքերի և ոտքերի մատները, ձգվեք, հորանջեք և դանդաղ նստեք: Այժմ` Դուք պատրաստ եք մեդիտացիայի…

ՅՈԳԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ է…

ՍԻՐՈՎ՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ
 

ՀԱԿՈԲ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ  

Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` պարտադիր է 

Հետևեք մեզ՝

© 2021 Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա – Բոլոր իրավունքները պահպանված են