ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՅՈԳԱՅՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Յոգայի մարզադահլիճ մտնելուց եւ ձեր պարապմունքը սկսելուց առաջ դրսում թողեք ձեր բոլոր հույզերը, հոգսերը և անհանգստությունները:

Ժամանեք դասը սկսվելուց գոնե 5 րոպե առաջ, որպեսզի կարողանաք փոխվել եւ նախապատրաստվել ձեր պարապմունքին:

Յոգայի պարապմունքի ժամանակ անջատ եք ձեր բջջային հեռախոսները եւ այլ էլեկտրոնային սարքերը: Դրանք, առաջին հերթին ձեզ են խանգարում՝ շեղելով ձեզ եւ ձեր միտքը դասից:

Յոգայի դասից առաջ, եթե կա հնարավորություն, լողացեք, եթե ոչ՝ գոնե ձեռքերը, ոտքերը փորձեք լվանալ: Դրանով իսկ դուք ազատվում եք օրվա ընթացքում կուտակված լարվածություններից եւ պատրաստվում եք ձեր պարապմունքին: 

Աշխատեք կրել բամբակյա հագուստ՝ շարժումները չկաշկանդող, ոտքերը անպայման բաց՝ առանց գուլպաների, զուգագուլպաների կամ մարզակոշիկների: Բաց ոտքերն ու բամբակյա հագուստը եւ իհարկե գիտակից եւ կենտրոնացած միտքը կօգնեն ձեզ ստանալ մաքսիմալ արդյունք յոգայից: Դուք դա ինքերդ կզգաք:

Աշխատեք ունենալ ձեր անձնական յոգայի գորգը պարապմունքի համար, չնայած յոգայի ֆեդերացիան տրամադրում է բոլոր անհրաժեշտ գույքն ու պարագաները լիարժեք յոգայի դաս ունենալու համար: Բայց այնուամենայնիվ, եթե զբաղվում եք ինքնուրույն՝ առանց խմբի, ապա անպայման վարժությունները կատարեք մաքուր սրբիչի կամ ձեր գորգիկի վրա:

Դասին եղեք լուռ եւ ուշադիր: Մի թողեք դասը կիսատ: Եթե նույնիսկ կա անհրաժեշտություն շուտ հեռանալու, տեղեկացրեք դրա մասին ձեր ուսուցչին: 

Շավասանան՝ վերջին ռելաքսացիան, շատ կարեւոր է յուրաքանչյուր պարապմունքի ժամանակ: Այն հանգստացնում է ձեր մարմինն ու միտքը եւ վերականգնում ձեր կենսական էներգիան: Փորձեք բաց չթողնել շավասանան եւ մնալ դասին մինչեւ վերջ: 
Պարապմունքը սկսեք յոգական ավանդական ողջույնով. կանգնեք դեպի արևելք՝ աչքերը փակ, ձեռքերի ափերը իրար միացված՝ Նամասկար դիրքով, և մոտեցված կրծքավանդակին: Մի քանի անգամ կատարեք «ՕՄ» մանտրան՝ արտաբերելով այն որպես մեկ հնչյուն, ինչը կնպաստի ուշադրության կենտրոնացմանը՝ նախապատրաստելով ձեր միտքն ու մարմինը վարժությունների կատարման:

Եթե հնարավոր է, յոգայով զբաղվեք հատուկ մեկուսացված սենյակում, որտեղ օդը կլինի մաքուր եւ մշտապես թարմացվող: Խուսափեք կատարել վարժություններն այնպիսի սենյակում, որտեղ կա ծխախոտի ծուխ, ալկոհոլի հոտ կամ այլ առողջությանը վնասակար նյութեր: Նաև, ոչ մի դեպքում, մի զբաղվեք յոգայով այն սենյակում, որտեղ տեղի են ունեցել դատարկ և ճղճիմ խոսակցություններ՝ լի բացասական էներգիայով: Դա կարող է փչացնել աուրան եւ ձեր պարապմունքի որակը: Թույլ մի տվեք անբավարարվածությունը, արհամարանքը, նախանձը, խանդը կամ այլ խեղաթյուրումները բույն դնեն ձեր գիտակցության մեջ: 
Կարգավորեք ձեր հույզերը՝ թույլ չտալով արտաքին հանգամանքներն ու ազդակները ներգործեն ձեզ վրա: Միշտ գիտակցեք, որ բացասական հույզերը թունավորում են մեր գիտակցությունն ու մարմինը: Հետևեք ձեր խոսքին: Խուսափեք վատ մտքերից, վատ խոսքերից և վատ արարքներից: Եղեք դրական մտքերով եւ արարքներով լցված: 

Աշխատեք ապրել օրական կանոնավոր ռեժիմով՝ առավոտյան արթնանալով և երեկոյան քնելով միևնույն ժամին: Նյարդային համակարգը վերականգնելու համար պետք է պառկել երեկոյան ժամը 10-ին, քանի որ Երկիր մոլորակի դիրքը տիեզերքում կեսգիշերից առաջ ավելի բարենպաստ է: Արթնանալիս բացեք պատուհանը՝ օդափոխելով ձեր սենյակը: 

Քնեք գլուխը դեպի արեւմուտք, ոտքերը դեպի արեւելք: Քնեք մերկ, որպեսզի մաշկն ազատ շնչի: Ավելի լավ է մեկ սավան ավել գցել ձեզ վրա, քան գիշերաշապիկ հագնել:
Գլխատակին մի դրեք փափուկ կամ բարձր բարձ: Քնած ժամանակ մեջքը պետք է ուղիղ լինի: Քնելուց առաջ կատարեք խորը շնչառություն և աշխատեք թուլանալ: Անկողնում մի կարդացեք: 

Արթնանալիս ձեր առաջին միտքը պետք է լինի «Ես առողջ եմ»: Միտքը կենտրոնացրեք այն բանի վրա, ինչն ամենից կարեւորն է ձեզ համար: 

Եթե հնարավոր է լոգանք ընդհունեք ամեն օր: Ձեր մաշկը հաճախակի ազատեք թափոններից և թույներից: Թող ձեր ֆիզիկական և հոգեկան մթնոլորտը մաքուր լինի:

Ոտքերը հաճախակի ազատեք կոշիկներից: Ոտաբոբիկ քայլեք գետնի վրա, անտառում կամ բնության գրկում: Քնելուց առաջ մարզեք ոտքերի մատները` շարժելով յուրաքանչյուր մատն առանձին – առանձին:

Առավոտյան կամ երեկոյան կատարեք աչքերի մարզանքներ՝ դրիշտաներ, որոնք ուսուցանվում են նաեւ Ֆեդերացիայում մեր պարապմունքների ժամանակ: 

Ուտելուց առաջ ջրով ողողեք բերանը կամ մի պտղունց աղ վերցնելով ցուցամատի վրա` շփեք ատամներն ու լնդերը: Դա կուժեղացնի արյան շրջանառությունը, կամրացնի լնդերը և կթարմացնի շնչառությունը: Թող ձեր սնունդը պարունակի ավելի շատ հում մթերքներ` բանջարեղեն, միրգ, կանաչի, մեղր, կաթ և այլն : Հետևեք ձեր աղիքների կանոնավոր գործելուն: Եթե աղիքները կանոնավոր չեն գործում, անհրաժեշտ է կատարել ուդիյանա-բանդխա, ուդիյանա նաուլի, պաշիմաստասանա, յոգա մուդրա և այլ յոգական վարժություններ, որոնք մեր փորձառու ուսուցիչները ձեզ կուսուցանեն: 

Եթե ուզում եք լուրջ արդյունքների հասնել յոգայով զբաղվելիս, ապա պետք է թողնեք ծխելը, ալկոհոլ օգտագործելը և այլ վնասակար սովորությունները, քանի որ դրանք բթացնում են այն նյարդային կենտրոնները, որոնք յոգայի վարժություններով պետք է աշխուժացվեն:

ՍԻՐՈՎ՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԱԿՈԲ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ  

Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի
Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` պարտադիր է հղում կատարել կայքին

Հետևեք մեզ՝

© 2021 Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա – Բոլոր իրավունքները պահպանված են